TikTok-ն ուղեղի վրա ազդում է նույնքան վատ, որքան ալկոհոլը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինաստանում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ TikTok-ում և նմանատիպ հարթակներում կարճ տեսանյութերի չափից շատ օգտագործումը կարող է ուղեղի վրա թողնել նույնքան վնասակար ազդեցություն, որքան ալկոհոլը կամ ազարտային խաղերը։ Տյանցզինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ցյան Վանի ղեկավարած թիմի ուսումնասիրությունը, որը հրապարակվել է NeuroImage ամսագրում, բացահայտել է, որ ակտիվ օգտատերերի մոտ խթանվում է ուղեղի «պարգևատրման համակարգը»՝ առաջացնելով կախվածության նմանվող վարքագիծ։

Գիտնականները պարզել են, որ կարճ տեսանյութերի հաճախակի դիտումը փոխում է ուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք պատասխանատու են իմպուլսների վերահսկման, կենտրոնացման և զգացմունքների կարգավորման համար։ Արդյունքում ուղեղը «գերհագենում» է դոֆամինով և սովորական հաճույքի աղբյուրները՝ գիրք կարդալը, ընթրիքը կամ շփումը, սկսում են թվալ ավելի քիչ գրավիչ։

Հատկապես տուժում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է որոշումների կայացման և կենտրոնացման համար։ Ուղեղի այս հատվածի գերծանրաբեռնվածությունը բարդացնում է ուշադրության պահպանումը, հիշողությունը և ինքնակառավարումը։ Գիտնականները ընդգծում են, որ փոփոխությունները նման են ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացող ճանաչողական խանգարումների։

Հետազոտությունը նաև ընդգծում է գիշերային դիտումների վտանգը․ էկրանի պայծառ լույսը և հագեցած էմոցիոնալ բովանդակությունը խաթարում են քնի բնական ռիթմերը և նվազեցնում մելատոնինի արտադրությունը։ Սա խանգարում է հիշողության և ուսուցման համար կարևոր հիպոկամպի աշխատանքին՝ առաջացնելով առավոտյան հոգնածություն և «մթագնած» գիտակցություն։

Մասնագետները շեշտում են, որ կարճ տեսանյութերը լիովին բացասական երևույթ չեն, սակայն դրանց ազդեցությունը պետք չէ թերագնահատել։ Խորհուրդ է տրվում սահմանափակել էկրանի առջև անցկացվող ժամանակը, պարբերաբար ընդմիջումներ անել և ընտրել առցանց ակտիվության բազմազան ձևեր՝ մտավոր և հոգեկան առողջությունը պահպանելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները